Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Պոլիմերային խաղալիքներ

Պոլիմերային խաղալիքներ

Խանութներում վաճառվում են պոլիմերային նյութերից պատրաստված խաղալիքներ, որոնց քիմիական միացությունների մակարդակը կարող է գերազանցել թույլատրվող նորման, որի հետևանքով որոշ քիմիական տարրեր մաշկի հետ շփվելիս առաջացնում են այրվածքներ, իսկ դրանց գոլորշու ներշնչման դեպքում` սուր թունավորումներ:

 

Այդ երևույթներն արտահայտվում են լորձաթաղանթի այրվածքներով, բերանի խոռոչում ու շնչափողում ցավի ուժեղ զգացումով, փսխումով, թոքերի այտուցով: Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, ինչպես նաև թոքսրտային անբավարարություն:

 

Այժմ ամբողջ աշխարհում խաղալիքների արտադրության մեջ լայնորեն օգտագործվում են պոլիմերներ: Խաղալիքներից, ինչպես նաև պոլիմերային նյութեր պարունակող այլ արտադրատեսակներից կարող է արտազատվել քիմիական միացությունների մի ամբողջ համալիր: Այդ նյութերը երեխայի օրգանիզմ կարող են ներթափանցել շնչուղիներով, մաշկածածկույթով, անգամ չվնասված խաղալիքների հետ անմիջական շփման ուղիով, ստամոքսաաղիքային տրակտով` ջրի և սննդամթերքի հետ:

 

Փոքր խտություն ունեցող քիմիական նյութերի երկարատև ազդեցության դեպքում թունավորության աստիճանը ժամանակի ընթացքում կարող է աստիճանաբար մեծանալ:

 

Խաղալիքների արտադրության մեջ լայնորեն օգտագործվում է պոլիսթիրոլը` կարմիր, սև ու փղոսկրագույն, նախատեսված նախադպրոցական և ցածր դպրոցական տարիքի երեխաների խաղալիքների պատրաստման համար, որոնց ջրային հանուկները թափանցիկ են, անհոտ և անհամ: Վարակազերծելիս և այնուհետև տաք ջրով լվանալիս խաղալիքների արտաքին տեսքը չի փոխվում: Սթիրոլը և ցածրմոլեկուլային նյութերը, ինչպես նաև ծանր մետաղների միացությունները և արսենը խաղալիքներից ջրային և օդային միջավայր սովորաբար չեն արտազատվում:

Որոշ խաղալիքներ, որոնք պատրաստված են միայն պոլիսթիրոլից, պլաստիկներից, ունեն անբավարար սանիտարահիգիենիկ հատկություններ և պահանջում են հումքի տեխնոլոգիական մշակման կատարելագործում:

 

Նախադպրոցական հասակի երեխաների խաղալիքների արտադրության համար առաջարկված է փրփրագոյացնող պոլիէթիլենի խտանյութը: Դրանից պատրաստված խաղալիքները լվանալիս իրենց արտաքին տեսքը չեն կորցնում: Խաղալիքները և դրանց ջրային հանուկները չունեն կողմնակի համ ու հոտ, իսկ օգտագործելիս օրգանական վնասակար նյութերի արտանետումն աստիճանաբար պակասում է:

 

Բնական կաուչուկից ստացված ռետինե կաղապարները օգտագործվում են մանկական ձևավոր խաղալիքների արտադրության համար: Այդպիսի խաղալիքների ջրային հանուկները թափանցիկ են, անգույն, անհամ և անհոտ: Սակայն ժամանակի ընթացքում հնարավոր է երեխաների մոտ ալերգիկ ֆոնի աստիճանական զարգացում:

 

Ենթադրվում է, որ խաղալիքներից արտազատված ցածր մոլեկուլային օրգանական միացություններն ինքնին վտանգավոր չեն, սակայն երեխայի շրջապատում գտնվող այլ քիմիական նյութերի հետ համակցման դեպքում դրանք կարող են դառնալ ախտաբանական երևույթների պատճառ: Տվյալ դեպքում էական նշանակություն կարող է ունենալ երեխայի գենոտիպը:

 

Ըստ միջազգային ստանդարտների, սանիտարական վերահսկող մարմինները պոլիմերային նյութերից պատրաստված բոլոր մանկական խաղալիքները պարտադիր կարգով պետք է ենթարկվեն թունաբանական և սանիտարաքիմիական փորձաքննության: Դրանց արտաքին տեսքը պետք է համապատասխանի իրենց նշանակությանը և բավարարի գեղագիտական պահանջներին: Խաղալիքների մակերևույթը պետք է լինի ուղիղ և հարթ ու ողորկ ծայրերով, ներկանյութը` որակով, խաղալիքների կշիռն ու չափսերը` համապատասխանեն երեխայի տարիքին: Հոտի ուժգնությունը չպետք է գերազանցի նախատեսված 3 նիշը, խաղալիքներից` չարտազատվեն թույլատրելի մակարդակը գերազանցող խտությամբ միացություններ, ինչպես նաև քաղցկեղածին, ժառանգական փոփոխություններ առաջացնող և ալերգիկ հատկություններով օժտված նյութեր:

 

Հիգիենիկ տեսանկյունից խիստ ուշադրության են արժանի արտերկրից, հատկապես Չինաստանից ներկրվող էժանագին խաղալիքները, որոնք, լինելով արտաքնապես գունեղ և գեղեցիկ, կարող են վտանգավոր լինել երեխայի առողջության համար: Դրանք վաճառվում են ինչպես տոնավաճառներում, այնպես էլ խաղալիքների մասնագիտացված խանութներում: Ինչպես որոշել անվտանգ է արդյո՞ք ձեր երեխայի առողջության համար գնվող խաղալիքը: Ձեզ մնում է միայն մեկ բան` պահանջել խաղալիքի վաճառքի արտոնագիրը: Եթե վաճառակետը այն չունի, մտածեք` արժե արդյոք վտանգել ձեր և ձեր երեխայի առողջությունը, գնելով այդ խաղալիքը:

Հեղինակ. Մարինե Դալալյան, Սիրանուշ Տեր-Զաքարյան Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ-ի գիտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ